Պատմության հետագծով  

Armenpress 08:30, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1827 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

-           1864 թ. դեկտեմբերի 10-ին ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանն աքսորվում է Կամիշին:

-           1901 թ. դեկտեմբերի 10-ին Ռիգայում տեղի է ունենում Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:

-           1924 թ. դեկտեմբերի 10-ին հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

-           1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

-           2010 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Մայքլ Հակոբ Հակոբյանը՝ ամերիկահայ ռեժիսոր եւ գրող, Հայոց ցեղասպանության վերապրող (ծնվ.՝ 1913 թ.)։

-           1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Արձանագրվում է 99.7 տոկոս կողմ արդյունք։

-           1937 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է  Քրիստափոր Արարատյանը՝ հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ. գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»: Արդարացվել է հետմահու։

-           1998 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Մանուկ Աթոյանը՝ գյուտարար, ինժեներ (ծնվ.՝ 1925 թ.):

-           2004 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Խորեն Աբրահամյանը՝ հայ դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

           

Հիշարժան փաստեր

-           Ինդոնեզիան համարվում է աշխարհի ամենացածրահասակ մարդկանցով բնակեցված երկիրը:

Աշխարհի տարբեր մասերում էլ կան ցածրահասակ եւ բարձրահասակ մարդիկ, սակայն ըստ 2017 թվականին «Telegraph»-ի կողմից աշխարհի տարբեր աղբյուրներից հավաքված տվյալների՝ ցածրահասակ մարդկանց թվով Ինդոնեզիան առաջինն է: Ամենաբարձրահասակ մարդիկ ապրում են Նիդերլանդներում:

-           Աշխարհում կա ընդամենը երեք երկիր, որոնք չեն օգտագործում մետրային համակարգը:

Պարզության համար աշխարհի ավելի քան 200 երկրից շատերն օգտագործում են մետրային համակարգը, երբ նկարագրում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են երկարությունը կամ զանգվածը: Այնուամենայնիվ, առանձնանում են երեք երկրներ՝ Լիբերիա, Մյանմար եւ Միացյալ Նահանգներ: Եվ շուտով այդ թիվը կարող է իջնել երկուսի: 2018-ին Լիբերիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ուիլսոն Թարփեն ասել է, որ կառավարությունը նախատեսում է որդեգրել մետրային համակարգը՝ առեւտրի մեջ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը խթանելու համար, հայտնել է «Liberian Observer»-ը:

-           Չնայած ամեն վայրկյանում Երկրի վրա ծնվում է չորս երեխա, գնահատվում է, որ միեւնույն ժամանակ յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում մահացության ցուցանիշը մոտ է երկուսի։ Դա նշանակում է, որ ամեն րոպե մահանում է 105 մարդ, ամեն ժամ մահանում է 6316 մարդ, ամեն օր մահանում է 151,600 մարդ, իսկ ամեն տարի մահանում է 55.3 միլիոն մարդ:

-           Բոլոր երեխաների 80 տոկոսը ծնվում են իրենց մարմնի վրա նշաններով կամ կետերով։

-           Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է «լացող երեխայի փառատոն»։ Մրցում են սումոիստները։ Նրանց նպատակն է ինչքան հնարավոր է արագ ստիպել, որ երեխան լացի։ Նրանք հավատում են, որ երեխայի լացը չար ուժերին քշում է, եւ այդ երեխաները մեծանում են առողջ։

Մ. Ա.

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am