Կանադացի սենատորը դատապարտել է Սենատի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելը

Armenpress 14:56, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու հանգամանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հուսակոսը գրել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ երկրի վարչապետն այդ քայլով դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին:

«Սա տխուր օր է հայ ժողովրդի համար: Նրանց լքեց Ջասթին Թրյուդոն, որը դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին: Առավել ցավալի է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- գրել է Հուսակոսը:

Սենատորն իր գրառումն ավարտել է «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգով:

Կանադայի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին մերժել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու, Արցախի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը ճանաչելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am