Կարեն Տոնականյանը Վլադիկավկազում նախապատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտին

Armenpress 16:50, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Կարեն Տոնականյանը Վլադիկավկազում նախապատրաստվում է դեկտեմբերի 24-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկը այժմ մարզվում է պրոֆեսիոնալ ռինգում հայտնի մարզիչ Վիտալի Սլանովի ղեկավարությամբ, ով նաև WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մուրադ Գասիևի մարզիչն է: Սպարինգ մենամարտեր անցկացնելու և ռուս բռնցքամարտիկների հետ փորձի փոխանակման համար Վլադիկավկազ են մեկնել նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրանց հետ է նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը: Բռնցքամարտիկները Վլադիկավկազում կմարզվեն մինչև դեկտեմբերի 22-ը, որից հետո կմեկնեն Մոսկվա, որտեղ էլ դեկտեմբերի 24-ին կկայանա Տոնականյանի և Սեթապոնի մենամարտը: Թայլանդցի մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում բավականին մեծ փորձ ունի, նա տոնել է 29 հաղթանակ, որից 19 նոկաուտով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am