ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. Պեսկով

Armenpress 16:13, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,-ընդգծել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել: 

Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից: 

«Այդ հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Ուկրաինայի նախաձեռնությունը Ղրիմի հարցով բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am