Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․ Շահան Գանտահարյան

Armenpress 15:34, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման ամենից ուշագրավ կետը հաստատումն է Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության։ 

«Սա կարող է լինել ուղենիշ՝  հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության մշակման։ Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում  նաեւ վերադառնալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին՝  նշելով միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը։   Բելգիական բանաձեւի այս նախագիծը ըստ էության լրացնում է  Ֆրանսիայի Սենատի որոշմանը Արցախի ճանաչման առումով»,- ասաց նա։  

Գանտահարյանը հավելեց՝ ընկալելով Ֆրանսիայի կամ ընդհանրապես Եվրոպայի վերջին գործընթացներից դուրս մնալու իրողությունից բխած այս քայլերի քաղաքական տրամաբանությունը, այդուհանդերձ պետք է նկատել, որ երկու որոշումներում բանաձևվել են բանակցային ռազմավարության գերակա երկու ուղղություն՝ Արցախի (ԼՂԻՄ) տարածքային ամբողջականության վերականգնման  եւ այդ սահմաններով անկախության ճանաչման առաջադրանք։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։  Բաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն  արտացոլվում է  հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը  դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։ Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական  ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը,  զերծ մնալ տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից,  ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am