Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

Armenpress 10:30, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածներում: Սակրավորների կողմից ականազերծման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հեկտար տարածք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1100 պայթյունավտանգ առարկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am