«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը

Armenpress 11:20, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:

«Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը:

Oek.press@gmail.com էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը:

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

Դեկտեմբերի 2-ին Oek.press@gmail.com էլեկտրոնային փոստից հայտարարություն է տարածվել այն մասին, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ «Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։ Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»,- ասված էր հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am