Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կոտայքի  նորանշանակ մարզպետին

Armenpress 16:22, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին  վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի  պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։

 «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով լեցուն ժամանակաշրջան ենք ապրում, որը հաղթահարելու համար պետք է դրսևորել  ամուր կամք ու վճռականություն և ներդնել մեր ողջ ներուժը մեր պետականության ողնաշարը անսասան պահելու համար։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դերը», –նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին և աշխատակիցներին վերջին ամիսներին դրսևորած բարձր պատասխանատվության, տոկունության և թիկունքի աշխատանքների կազմակերպման համար և հորդորել նրանց շարունակել ամենօրյա տքնաջան և նվիրված աշխատանքը հանրային ծառայության ոլորտում։

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում նշել է, որ բարձր գիտակցումով է ընդունում մարտահրավերներով լի այս շրջանը հաղթահարելու պատասխանատվության չափն ու ծանրությունը և պատրաստակամ է ներդնել իր փորձն ու հմտությունները հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներն արագ հաղթահարելու և մարզի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am