ՀՀ բանկերը շարունակական աջակացության ծրագրեր են իրականացնում Շիրակի և Լոռու մարզերում

Armenpress 14:27, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միությունը, հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, բանկերի հետ համատեղ իրականացրել է աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ ուսումնական հաստատություն չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և Հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է, և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:

Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:

Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում էր: Այստեղ բանկերի աջակցությամբ կառուցվեց ֆուտբոլի նոր խաղադաշտի ցանկապատը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am