Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է անհետ կորածների ճակատագրերի բացահայտման հետ կապված հարցեր

Armenpress 12:13, 25 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։   Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am