«Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը

Armenpress 17:13, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր»  ֆիլմի ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանադական կինոնկարը նկարահանվել է 2019 թվականին: Ֆիլմի տևողությունը 105 րոպե է, լեզուն անգլերենն է, սակայն ներկայացվելու է հայերեն ենթագրերով:

Ջիմն ու դուստրը՝ միջնակարգ դպրոցի երաժշտության երիտասարդ ուսուցչուհի Վերոնիկան, փորձում են հանգուցալուծել իրենց խճճված պատմություններն ու շաղկապված գաղտնիքները: Մի խաբեության պատճառով Ջիմի դստերը 17-ամյա Քլիվի հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանք է ներկայացվում: Վերոնիկան համոզված է, որ պատժի է արժանի, բայց ավելի վաղ գործած հանցանքների համար: Դստեր անդրդվելիությունից շթոփահար ու հիասթափված հոր տառապանքն անդրադառնում է սննդի տեսչի նրա աշխատանքի վրա: Ջիմը մեծ ազդեցություն ունի ընտանեկան փոքր ռեստորանների վրա, ազդեցություն, որը չի երկմտում օգտագործել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am