ԿԽՄԿ-ն զգալիորեն կավելացնի բյուջեն և առաքելության կազմը ԼՂ-ում աշխատանքներ իրականացնելու համար

Armenpress 12:42, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  զգալիորեն կավելացնի իր առաքելության կազմը Լեռնային Ղարաբաղում աշխատաnքներ իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է  ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը` հավելելով, որ արդեն որոշում է կայացվել նաև բյուջեն ավելացնելու մասին:

«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Այսինքն ՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք ունեինք բավականին քիչ մարդիկ այնտեղ: Այժմ մենք ծրագրում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- հայտնել է Մաուրերը:

Ըստ ԿԽՄԿ նախագահի` միջազգային կոմիտեի առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել հակամարտության բոլոր կողմերի տուժածներին։

«Հրատապ խնդիրներից մեկը զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումն է: Այժմ կողմերից յուրաքանչյուրը մարմիններ է որոնում այն տարածքներում, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ, որտեղ հեշտ է գտնել: Իսկ շփման գծում աշխատանքը բարդ է, ճակատային գծում, որտեղ մարտեր են եղել, ականներ են, այնտեղ մարմինների հայտնաբերումը շատ բարդ է», - նշել է նա:

Մաուրերն ասել է, որ ԿԽՄԿ-ն ունի մշակված  ծրագրեր և լավագույն փորձ, որպեսզի այդ աշխատանքներն առավելագույն արժանապատվությամբ իրականացնվեն, նույնականացվեն մարմինները և փոխանցվեն հարազատներին:

ԿՄԽԿ-ի նախագահի խոսքով` մարմիների որոնողական աշխատաքները ձգձգելու դեպքում հնարավոր են ամենատհաճ հետևանքները:

«Կարող են բարդություններ առաջանալ նույնականացման ժամանակ, եթե չկարողանանք գտնել մարմինները մինչեւ ձմեռ, քանի որ հավանականություն կա, որ ձմռանը կսկսվի մարմնի քայքայումը: Եվ մենք գիտենք անցյալի փորձից, որ եթե արագ չգործենք, մենք պարզապես ապագայում բարդացնելու ենք անհետ կորած մարդկանց հարցի շուրջ քննարկումները»,- ընդգծել է ԿԽՄԿ-ի նախագահ Պիտեր Մաուրերը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am