Ռուս զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում

Armenpress 11:10, 24 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինժեներական ստորաբաժանումների ռուս զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժենարական հետախուզության և ականազերծման աշխատանքներ խաղաղապահական դիտակետերի միջև ընկած տարածքներում և ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածներում: Նրանք իրականացնում են նաև ուսումնասիրություն և ականազերծման աշխատանքներ բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտ:

Հայտնաբերված զինամթերքը և պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են զորավարժարան, որտեղ ոչնչացվում են պայթեցման եղանակով: Զինամթերքը, որը հնարավոր չէ հասցնել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ միաժամանակ ապահովելով անվտանգությունը:

Պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու համար տեղանքի ուսումնասիրության աշխատանքի փուլերից մեկն այն տարածքների հետազոտությունն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար կետեր՝ ռուս խաղաղապահներին ծառայություններ մատուցելու համար:

Ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահովված են ականազերծման աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամանակակից պաշտպանիչ հագուստով և ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ՝ ական որոնող ИМП-С2 միջոցներ և ИНВУ-3М որոնիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am