Վարչապետը ռազմարդյունաբերական ընկերություններին հանձնարարել է շարունակել հզորությունների զարգացումը

Armenpress 19:49, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: 

Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:  

Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am