Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Armenpress 13:54, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հորդորեց վաղը խորհրդարանում մասնակցել այս թեմայով քննարկմանը:

«Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Առաջարկում եմ վաղն ընտրեք ձեր միջից 15-20 հոգի, Ազգային ժողով կգան Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաև Կարմիր խաչի ու ռուսական զորքի ներկայացուցիչները»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am