Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներով

Armenpress 11:28, 23 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվեն մի քանի կամավորներ»,-ասաց Նիկողոսյանը:

 COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: 

Նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձեց իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին: 

Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am