ՀՀ-ի և Արցախի ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույցը

Armenpress 17:57, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ամփոփել են չորրորդ փակ զեկույցը՝ նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածում էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները»,-հայտնել է Թաթոյանը:

Զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: ՄԻՊ-ը շեշտել է, որ այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Թաթոյանը նաև նշել է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: «Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,-եզրափակել է ՄԻՊ-ը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը պատերազմի ընթացքում պարբերաբար հրապարակել են զեկույցներ՝ հակառակորդի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Նրանք հրապարակել էին նաև համատեղ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am