ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախում հումանիտար աղետի հետևանքների հակազդման միջոցառումները

Armenpress 16:55, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am