Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Armenpress 00:23, 21 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։

Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»,- ասված է վարչապետի ուղերձում։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am