Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

Armenpress 18:21, 18 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով` Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրամանագիրը հրապարակված ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:

Արա Այվազյանը ծնվել է 1969թ., Երևանում: 1986-1993 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում): 1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։ 1995թ. աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 1996-2018թթ. եղել է Դանիայում, Շվեդիայում, Լիտվայում, Պանամայում, Կուբայում և մի շարք այլ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am