Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Armenpress 14:51, 17 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Հաջորդ կարևոր ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am