Բարոնուհի Քոքսը կարևորել է Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ միջազգային հանրության քայլերը

Armenpress 19:18, 14 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Արայիկ Հարությունյանի էջից։

Արցախի նախագահն իր գրառմամբ նշել է. «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի հայտարարությանն ու դրա դրույթներին և դրան հաջորդած զարգացումներին:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը, ընդգծել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am