Անկարայում պատրաստվել են դիմավորել ռուսական պատվիրակությանը

Armenpress 15:42, 13 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին սպասում են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։ Այցը կհաջորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրմանը:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարությունները, ռուսական պատվիրակությունը առաջին հերթին կժամանի Արտաքին գործերի նախարարություն, հետո արդեն՝ Ազգային պաշտպանության նախարարություն։

Ռուսական «Эхо Москвы»-ն նշում է, որ ռուսական կողմը հաստատել է այցը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան ԼՂ-ում խաղաղապահներ չի ունենալու:

Ավելի վաղ և՛ թուրքական, և՛ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Այցի նպատակն է քննարկել նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը:

Մերի Վարդումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am