Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն առանցքային դեր է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Armenpress 15:18, 13 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պեսկովն այս մասին ասել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այդ դերն առանցքային էր: Ստորագրմանը նախորդել են շատ լարված օրեր, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանքներ են տարվել: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում ԼՂ իրավիճակի ֆոնին Ադրբեջանից և Հայաստանից եկածների միջև հակամարտությունների առաջացումից հնարավոր է խուսափել:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպես են ռուսական իշխանությունները պատրաստվում կարգավորել հարաբերությունները այդ սփյուռքների միջև, Պեսկովը նշել է, որ հայերի և ադրբեջանցիների մեծամասնությունը «ռուսական հասարակության հարգարժան և պատասխանատու անդամներ են»:

Անդրադառնալով նաև ԼՂ հարցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասություններին՝ Պեսկովն ասել է, որ այդ հանգամանքը չի խանգարում երկրների միջև սերտ փորխգործակցությանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հետևողական դիրքորոշում է որդեգրել «ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու» հարցում։

«Դրանում մենք լրջորեն տարակարծիք ենք եղել մեր թուրք գործընկերների հետ, սակայն այդ ամենը չի խանգարում մեզ շարունակել սերտ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը մշտապես երկխոսության մեջ են:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների արձագանքին, թե ինչպես է կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Պեսկովը նշել է, որ իրավունք չունի ինչ-որ կերպ մեկնաբանել այդ հանգամանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am