Դուբլս նվեր է հայրենիքիս, հաղթելու ենք. Ադամյանը Եվրոպայի լիգայի գոլերը նվիրել է Հայաստանին

Armenpress 15:50, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայում հեղինակած դուբլը նվիրել է Հայաստանին:

«Դուբլս նվեր է հայրենիքիս` բոլոր եղբայրներիս և քույրերիս, ովքեր պայքարում են Արցախում: Դուք բոլորդ հերոսներ եք, գրկում եմ ձեզ: Սա փոքրիկ նվեր է բոլոր հայերի համար, Փառք հայ հերոսներին, առաջ Հայաստան, հաղթելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամյանի խոսքերը փոխանցում է Sport24-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գերմանական «Հոֆենհայմը» մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթանակ տանել խոշոր` 5:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեում դարձավ դուբլի հեղինակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am