Բասկերի երկրի Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան

Armenpress 15:16, 6 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը

«Քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,-ասված է հայտարարությունում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը: Արցախի անկախության մասին ճանաչման բանաձևեր են ընդունել, ինչպես նաև իրենց համերաշխությունն են հայտնել Իտալիայի, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am