ԱԳ նախարարը պատերազմում ահաբեկիչների ներքաշումը լուրջ վտանգ է համարում տարածաշրջանում և դրանից դուրս
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածաշրջանում, Արցախի պատերազմում ահաբեկիչների ներգրավումը լրջագույն վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև դրանից շատ ավելի դուրս:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք՝ մեր հայրենակիցներն Արցախում, հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ: Եվ ահաբեկիչ զինյալների՝ մեր տարածաշրջանում հայտնվելը առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան միայն մեզ համար: Դրա հետևանքներն իրապես լրջագույն են: Ես չգիտեմ, թե ինչ էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ: Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից շատ-շատ ավելի դուրս»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց, որ սա նոր իրողություն է տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր՝ տարածաշրջանային առումով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտ նոր նպատակների շրջանակ: Մնացականյանը նշեց, որ սեպտմբերի 27-ից սկսած ունենք իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է մեր տարածաշրջանին:
«Մեր այսօրվա կարևորագոււյն գործառույթներից մեկն էլ ավելի համալրված և թիրախային աշխատանք կազմակերպելն է՝ տարածաշրջանում այս իրողության դեմ պայքարելու համար: Այդ վտանգը սփռվելու է շատ ավելի լայն՝ տարածաշրջանից շատ ավելի դուրս, վտանգ է հանդիսանում բազմաթիվ երկրների համար»,- ասաց Մնացականյանը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ահաբեկիչների թեման առավել սուր է և վստահեցրեց. «Մարտի դաշտում այդ երևույթի դեմ պայքարելով՝ մենք շարունակելու ենք աշխատել այդ երևույթի դեմ նաև միջազգային համագործակցության միջոցով»:
Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ, ահաբեկիչներ: Հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել երկու սիրիացի վարձկան ահաբեկչի:
Աննա Գրիգորյան
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը