Հակառակորդն օրվա ընթացքում հարձակման փորձեր են իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով

Armenpress 22:35, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին  մի քանի ուղղություններով , այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան,   հարձակման փորձեր են իրականացրել:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:

«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել  վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել  են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով:

«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում  հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am