Ադրբեջանական ռեպորտաժը հաստատում է՝ հակառակորդի կրակակետերը տեղակայված են խաղաղ բնակավայրերում

Armenpress 21:45, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Люди  ռուսական նախագիծը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող պատերազմի ընթացքում ռազմաճակատի երկու կողմերում ապրող մարդկանց ապրումներն ու զգացողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում նախագծի հեղինակներն օգտագործել են նաև ադրբեջանական CBC հեռուստաընկերության ռեպորտաժից կադրեր, որոնց մանրամասն ուսումնասիրությունը հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը իրենց կրակակետերը տեղակայում են խաղաղ բնակավայրերում և այդտեղից կրակ արձակում հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Նախագծի կողմից օգտագործված կադրերում ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողը հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական Թարթառ շրջանի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեջ, ցուցադրում է այրվող տան կադրեր, պնդում է, որ այդտեղ շատ վտանգավոր է, և իրենք ստիպված են հեռանալ: Հեռուստաընկերության նկարահանող խումբը, հավանաբար,  այնքան է տարվել հայկական կողմի հասցեին խաղաղ բնակավայրերը հրետակոծելու մեղադրանքներ հնչեցնելու մոլուցքով, որ չի նկատել, թե ինչպես է կադրում մնացել հենց ադրբեջանական բնակավայրից հայկական կողմի ուղղությամբ արձակված հրետանային կրակի դրվագը:

Սա ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, որ ադրբեջանական զինուժը իր կրակակետերը տեղադրել է խաղաղ բնակավայրերում և հենց խաղաղ բնակավայրերից կրակ է բացում հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ՝ սեփական բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am