Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Armenpress 18:39, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին դրդել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի նրանց, ում առավել մեծ չափով է վնասել այս հակամարտությունը»,- նշել է նախարարությունը:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և դարձյալ սկսել բանակցությունները:

«Նորվեգիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որոնք ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- նշել է նախարարը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am