Թուրքիան թեժացնում է տարածաշրջանային հակամարտությունները. սաուդական կայքի անդրադարձը ԼՂ-ին

Armenpress 14:16, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալված ռազմական գործողություններում թուրք զինվորների ներգրավվածության մասին հայտնում են նաև Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները: Սուդական alyaum.com կայքը, անդրադառնալով հա-ադրբեջանական հակամարտությանը սիրիացի վարձկանների ներկայությանը, ընդգծել է, որ վարձկանների կողմից տարածված լուսանկարներն ու տեսաձայնագրությունները փաստում են, որ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին։

«Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն վարձկաններ են տեղափոխել Ադրբեջան սեպտեմբերի 27-ից սկսած։ Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին չի սահմանափակվում միայն վարձկաններով։ Ռազմական գործողություններին մասնակցում են նաև թուրք զինվորներ, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերում առկա է մեծ քանակությամբ թուրքական ռազմական տեխնիկա»,-հավելել է կայքը։

Սաուդական Al-Madina-ն էլ գրել է, որ Թուրքիան, թեժացնելով տարածաշրջանային հակամարտությունները և վարձկաններ տեղափոխելով հակամարտությունների գոտի, ձգտում է նեոօսմանիզմի գաղափարախոսության ներքո ընդլայնել իր ազդեցությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am