Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի ԱԻ բաժնի հրշեջ մեքենան. անձնակազմը չի տուժել

Armenpress 18:29, 1 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև Արցախի ԱԻ պետական ծառայությանը:

«Արմենպրես»-ին կառույցից տեղեկացնում են, որ հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:

«Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել»,- նշում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:

Արցախի առաջնագծի հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Գիշերը հրետակոծվել են նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am