Թուրքիայի ՊՆ-ն կայցելի Բաքու. Անկարան չի թաքցնում մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիայում

Armenpress 15:48, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Չավուշօղլուն ասել է նաև, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր Պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Ադրբեջանի նախագահի կայքը՝ փաստացի հաստատելով Արցախի դեմ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու նոյեմբերի 1-ին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am