Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին

Armenpress 19:30, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՉՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը:

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am