Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
ԲԵՌԼԻՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,-ասել է Մաասը՝ հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ: Նախարարը շեշտել է, որ պայմանավորված եղանակային հանգամանքներով, առկա է նաև Լեռնային Ղարաբաղի՝ սննդամթերքի մատակարարման ռիսկի խնդիր: Մաասը նաև կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը՝ առանց որևէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում կգործադրի՝ հրադադար ապահովելու համար: «Կողմերը պետք է վերջապես հասկանան, որ կոնֆլիկտի ռազմական լուծումն անընդունելի է միջազգային հանրության կողմից»,-ավելացրել է նախարարը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ շփման գծի երկայնքով կիրառելով ողջ զինանոցը, ինչպես նաև հրետակոծելով, հրթիռակոծելով, ավիացիոն հարվածների տակ պահելով քաղաքացիական բնակավայրերը: Զոհվել է մոտ չորս տասնյակ խաղաղ բնակիչ, մեծ թվով վիրավորներ կան, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում հոկտեմբերի 28-ին հարվածների թիրախ է դարձել անգամ ծննդատունը, Շուշիում ավերվել է Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը