Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ. Արցախի ՄԻՊ

Armenpress 23:59, 29 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 29-ին շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության  շրջանակներում պարզվել է, որ օրվա ընթացքում մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս:

Ադրբեջանական հարվածների հետևանքով Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Շրջկենտրոններ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներն ու հարակից բնակավայրերը նույնպես ենթարկվել են հարվածների, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն համայնքներին հասցվել է նյութական մեծ վնաս:

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, ինչի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, իսկ 5 աշխատակիցներ վիրավորվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am