ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. ՏԱՍՍ

Armenpress 23:51, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները:

«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ», - նշել է Օ'Բրայանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am