Ֆրանսիայի կառավարությունը նոր հարձակումների հավանականությունը կանխարգելելու միջոցներ է ձեռնարկում

Armenpress 17:22, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունն ազգային անվտանգության ահազանգման համակարգը («Վիժիպիրատ» հակաահաբեկչական ծրագիրը) բերել է «արտակարգ հարձակման» ռեժիմի ամբողջ երկրում: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է վարչապետ Ժան Կաստեկսը: «Նախագահ Մակրոնը վաղն առավոտյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա:

«Արտակարգ հարձակման» ռեժիմը համապատասխանում է ճգնաժամային իրավիճակին, երբ պետական ծառայությունները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում բարձր է նոր հարձակումների հավանականությունը:

Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել:  Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին», - գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am