Խաչաղբյուրում ջրարբիացվել է շուրջ 3 000 հեկտար արոտավայր

Armenpress 15:16, 29 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ավարտական փուլում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակի համակարգող Խորեն Բադալյանը, ծրագրի արժեքը կազմել է շուրջ 100 միլիոն դրամ, որից 4 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին եւ ավարտվել հոկտեմբերի 25-ին։ Կառուցվել են 6 կիլոմետր 800 մետր երկարության ջրագիծ եւ երեք խմոց, ինչի արդյունքում ջրարբիացվել է շուրջ 3 հազար հեկտար արոտ։

Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ համայնքում կնկատվի անասունների գլխաքանակի եւ մթերատվության էական աճ։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am