ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր

Armenpress 21:08, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am