Արտերկրից եկած յուրաքանչյուր բեռ առաջին հերթին ուղարկվում է առաջնագիծ և ապաստարաններ

Armenpress 22:38, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ`ըստ անհրաժեշտության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլի ժամանակ` ներկայացնելով այլ երկրներից եկող բեռների ընդունման և բացթողման կազմակերպչական աշխատանքները։ 

«Ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։ Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք և առանձնացնում ենք բեռները՝ ըստ նշանակության»,- ասաց Փամբուխչյանը։

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։

«Այն առանձնացվում է և ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծում զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից  ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- ասաց Փամբուխչյանը։

Նա նշեց, այն դեպքերում, երբ քաղաքացիները հստակ հասցեատիրոջն են ցանկանում բեռը ուղարկել, ապա պետք է նախօրոք ԱԻՆ-ն այդ մասին տեղեկացվի։

«Համայնքը մեզ նախօրոք պետք է տեղյակ պահի , որ ինքը ունի x քանակի սննդի կարիք, որպեսզի այդ սնունդը ԱԻՆ-ի պահեստից  կարողանանք տրամադրել տվյալ համայնքին»,- նշեց ԱԻ  նախարարի տեղակալը։

Փամբուխչյանը կոչ է անում սփյուռքում ապրող հայրենակիցներին վստահել և հավատալ պետական կառույցներին և շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am