Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Armenpress 11:26, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը:

Նա նախ տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ նշելով նաև ԱՄՆ միջնորդությամբ ևս մեկ հրադադարի պայմանավորվածության մասին:

«Մենք շարունակում ենք կոչ անել ատաքին կողմերին՝ չմիջամտել հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- նշել է Շամպայնը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է այդ իրողությունը հաստատող լուրջ փաստերի. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության վերաբերյալ փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am