ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

Armenpress 08:42, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր քարտուղարի անունից պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ նշվում է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով երկուշաբթի` հոկտեմբերի 26-ի 08։00-ին:

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչը կողմերին՝ փոխըմբռնման հիման վրա առանց հապաղելու լիարժեք իրականացնել հանձնառությունը և վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նաև կոչ է անում կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապահովել հումանիտար աշխատողների անվտանգ մուտքը և հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում գտնվող խաղաղ բնակիչներին:

Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը կպահպանեն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կաշխատեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կոնկրետ քայլեր կատարելու ուղղությամբ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am