Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ

Armenpress 21:42, 25 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 
«Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am