Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել Ղարաբաղյան հակամարտությունը

Armenpress 20:36, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է Ֆրանսիայի հրեական համայնքի Radio Gl լրատվամիջոցին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման:  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա, ինչը տեղի է ունենում այժմ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am