Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է պատերազմական հանցագործություններով. ՀՀ ԱԳ նախարար

Armenpress 13:55, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։ Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով:

ԱԳ նախարարի խոսքով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Պելոսիի անձնական ներդրումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am