Արցախի և Իրանի սահմանի երկայնքով ընթանում են համառ մարտեր. ՊՆ-ն հերքում է Ալիևի հայտարարությունը

Armenpress 22:25, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Արցախի և Իրանի սահմանն ամբողջովին Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր:

«Այդ սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Եթե ինչ-որ տեղերում, նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am