ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում

Armenpress 17:21, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով Անվտանգության դաշնային ծառայությանը:

«Մայրաքաղաքային տարածաշրջանում կանխվել է ահաբեկչական ակտ: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերած անձ՝ ծնված 1999 թվականին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալներով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ցուցումով նա պատրաստվում էր ինքնաշեն ռումբ պայթեցնել իշխանության մարմինների շենքերից մեկում:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով հետագայում երիտասարդը նպատակ է ունեցել գնալ Մերձավոր Արևելք և կռվել ահաբեկիչների շարքերում: Նրա թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բաղադրիչներ: Հայտնաբերվել է նաև նրա նամակագրությունը գրոհայինների հետ, պայթուցիկ նյութը պատրաստելու ցուցումները, ինչպես նաև ահաբեկիչների ղեկավարներին երդում տալու տեսանյութը: Թե որտեղ և երբ է նա պլանավորել իրականացնել պայթյունը, չի հստակեցվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am