Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում

Armenpress 12:41, 22 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւեցին Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոքրիկ հանդիսատեսի համար բեմադրվեց Գեւորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը:

Արցախցի փոքրիկների ու նրանց ուղեկցող մայրերի հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների  ապահովման, ինչպես նաեւ մտահոգող խնդիրների մասին: 

 Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաեւ մարզի այլ  համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջեւ:

 Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am