Արցախի Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Armenpress 14:59, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի»  իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի: Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում:

Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»,- գրել է Դերձյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am